Այսօր տեղի կունենա Եվրո-2020-ի որակաորման փուլի J խմբի վերջին տուրը: Այս խմբում թերևս ամեն ինչ պարզ է: Իտալիայի և Ֆինլանդիայի հավաքականները խմբից դուրս են գալիս առաջին և երկրորդ տեղերով: Շատ թեժ պայքար ծավալվեց երկրորդ տեղի համար արդյունքում Ֆինլանդիան ֆենոմենալ հանդիպումների շնորհիվ ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում, իսկ Իտալիան խմբի և առաջնության գլխավոր ֆավորիտն էր, առանց դժվարության խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` ոչ մի շանս չտալով մյուսներին:

Ինչևէ այսօր Հայաստանի հավաքականը վերջին տուրում կմրցի վերածննունդ ապրող` Իտալիայի ազգային հավաքականի հետ, ով համարվում է Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտներից մեկը: Ոչինչ չորոշող հանդիպում, որտեղ սեղանի վրա դրված է պատվի, արժանապատվության հարցը: Խաղ, որը նվիրված է լինելու երկրպագուների համար, ովքեր երկար ճանապարհ են անցել, որպեսզի դիտեն իրենց սիրելի հավաքականի հանդիպումը, ովքեր սպասում և հավատում են հավաքականի հաղթանակին: Չնայած ձախողումներին Հայ երկրպագուն միշտ իր սիրելի հավաքականի կողքին է, իսկ տղաները պետք է այս դժվարին պահին համախմբվեն և արժանի պայքար տան գերհզոր հավաքականներից մեկի հետ:

Ռոբերտո Մանչինին ստանձնելով հավաքականի ղեկը լուրջ խնդիրների առաջ էր բախվել: Իտալիայի հավաքականը կորցրել էր հաղթողի բնավորությունը և ընդհանրապես իրեն նման չէր: ԱԱ չմասնակցելն էլ արդեն լուրջ ահազանգ էր իտալացիների համար: Մանչինին իր առջև դրված դժվարին առաջադրանքը կատարեց 100%-ով, սերնդափոխություն և խաղային որոշ փոփոխություններ, որոնք Իտալիայի ազգային հավաքականին վերածեցին անպարտելի մեքենայի: Այս Իտալիան նման չէ ոչ մի դարաշրջանի Իտալիային: Կատենաչոյից անցում կատարվեց դեպի գերհարձակվողական, գեղեցիկ, խելացի և գրագետ ֆուտբոլ թելադրող հավաքականի, որն իր արդյունքը տվեց: Իտալիան բոլոր հանդիպումներում չի կրել գեթ մեկ պարտություն, բոլոր խաղերում հաղթեց գրանցելով 100%-անոց արդյունք:

Դե իսկ Հայաստանի հավաքականի հետ ամեն ինչ պարզ է` մոտ էինք պատմություն կերտելուն, բայց ինչպես միշտ մի բան չբավականացրեց: Նորից ձախողում, հրաժարականներ, հիասթափություն և խորը դեպրեսիա: Թերևս անհույս է թվում Հայաստանի հավաքականը: Չի ստացվում ինչ-որ կերպ հաղթահարել և դուրս գալ այս դժվարին իրավիճակից, որոնք ինքներս մենք մեր համար ստեղծեցինք: Առաջիկա խաղում սպասելիքները մեծ չեն:

Վերջին հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը չունի ոչ մի հաղթանակ իտալացիների նկատմամբ:

Իտալիայի հավաքականը տարել է երկու հաղթանակ և մեկ հանդիպումն էլ` գոլառատ ոչ ոքի է գրանցվել:

Այս ընտրական փուլում թեև պարտվեցինք Իտալացիներին, բայց արժանի հանդիպում անցկացրեցինք, պայքարեցինք և ցույց տվեցինք, որ կարող ենք մրցակցել նաև մեզնից ուժեղ հավաքականների հետ, իսկ հիմա լրիվ ուրիշ պատկեր է` կադրային լուրջ խնդիրներ կան, մարզիչը փոխվել է, թիմի տակտիկան և խաղային ձեռագիրը նույնպես:

Մինչև Եվրո-2020-ի դուռը մեր ետևից փակելը լավ կլիներ տեսնեինք արժանի խաղ իտալացիների դեմ թե խաղային տեսանկյունից, թե արդյունքի:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր`23:45-ին Իտալիայի Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում:

Facebook Comments