Այսօր հայկական ֆուտբոլի լեգենդ, համաշխարհային մակարդակի մեր հզորագույն ֆուտբոլիստը, մեր հպարտությունը, մեր պարծանքը դարձավ 31տարեկան: Նրա շնորհիվ է, որ մեր երկիրը ճանաչելի դարձավ: Հայի պատիվը միշտ բարձր պահող, աշխատասեր և նվիրված իր գործին: Ձեզ ենք ներկայացնում Մխիթարյանի լավագույն մտքերը:

  • Ես աստղ չեմ: Աստղերը երկնքում են, իսկ ես պարզապես Երևանի հասարակ բնակիչ եմ:
  • Ես չեմ հանձնվել և միշտ հավատացել եմ իմ նպատակներին:
  • Պետք է քչից սկսել, հավատալ սեփական ուժերին, ընտրել այն ճանապարհը, որով կկարողանաս հաջողության հասնել, ոչ թե ժամանակը վատնել ոչինչ չանելու վրա:
  • Երկու քայլ առաջ գնալու համար երբեմն պետք է մեկ քայլ հետ գնաս: Հնարավոր չէ կայուն լինել ողջ կյանքի ընթացքում, բայց պետք է պատրաստ լինես վատ շրջաններին: Խնդիրները քեզ ավելի ուժեղ են դարձնում:
  • Երբ լավատեսորեն ես մոտենում խնդիրներիդ, կարելի է ցուցադրել սեփական հնարավորությունների ավելի քան 100 տոկոսը:
  • Ֆուտբոլիստների կենսագրությունը ընթերցելով` հասկացել եմ, որ ցանկացած մարդ պետք է փորձի շատ համբերատար լինել: Լինում են պահեր, երբ համբերատար չլինելով, մարդ վնասում է ինքն իրեն:
  • Ֆուտբոլը չի կարող աշխատանք լինել, այն ավելի շատ հաճույք է: Դա այն գործն է, որը ես սիրում եմ: Երբ մարդ չի սիրում իր գործը, չի կարող հաջողության հասնել: Ես միշտ երազել եմ խաղալ ֆուտբոլ եւ մեծ քայլերով առաջ գնալ:
  • Եթե մարդ կարողանում է անուն վաստակել, պետք է ճիշտ պահի այդ անունը: Լինել ժպտերես, չմերժել երկրպագուներին ստորագրություն տալ, լուսանկարվել նրանց հետ: Ես պատրաստ եմ անել ավելին, որպեսզի մարդիկ էլ ավելի շատ ճանաչեն ինձ ու Հայաստանը:
  • Ես հեռավոր ապագայի մասին չեմ մտածում, ավելի շատ մտածում եմ վաղվա օրվա, ոչ թե 2-3 տարի հետոյի մասին: Մարդ պետք է ապրի այսօրվա ու վաղվա օրով:
  • Ես երբեք չեմ խաղացել մեդալների կամ կոչումների համար: Ես ամեն ինչ արել եմ, որ կարողանամ օգուտ տալ մեր ազգային հավաքականին, մեր երկրին ու իմ երկրպագուներին, ուրախացնել մեր ժողովրդին եւ շարունակելու եմ ամեն ինչ անել, աշխատել, որպեսզի իմ խաղով ավելի օգտակար լինեմ մեր հավաքականին ու իմ երկրին:
  • Միշտ ցանկացել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Մեծացել եմ ֆուտբոլիստի ընտանիքում եւ ցանկանում էի հորս նմանվել: Նպատակիս հասնելու համար ամբողջ կյանքիս ընթացքում աշխատել եմ: Եվ այն, որ երազանքս իրականություն դարձավ, իմ՝ այսքան տարիների աշխատանքի արդյունքն էր:
  • Այսօր ես արդեն գիտեմ, որ ցանկացած սխալի մասին պետք է արագ մոռանալ և կենտրոնանալ խաղի վրա, քանի որ ոչ ոք քեզ երկար մտածելու համար ժամանակ չի տա:
  • Ես խաղում եմ այնտեղ, որտեղ մարզիչն է հանձնարարում, իսկ ընդհարապես ոչ ոք ինձ հիմնական կազմում տեղ չի երաշխավորում: Դրա համար ես պետք է միայն աշխատեմ ու աշխատեմ:
Facebook Comments