Կորոնավիրուսի արագ տարածումը հանգեցրել է բազմաթիվ եվրոպական առաջնությունների, այդ թվում՝ իսպանական Պրիմերայի, Անգլիայի Պրեմիեր լիգայի, իտալական A Սերիայի, գերմանական Բունդեսլիգայի և ֆրանսիական լիգա 1-ի կասեցմանը:

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին անմասն չի մնացել ստեղծված իրավիճակից և ուղղերձ է հղել երկրպագուներին և այն մարդկանց, որոնց մոտ ախտորոշվել է «COVID-19»-ը:

«Հիմա բարդ ժամանակներ են բոլորիս համար։ Մենք բոլորս ապրում ենք, անհանգստանալով, թե ինչ է տեղի ունենում, և մենք ցանկանում ենք օգնել նրանց, ովքեր տուժել են ամենից շատ, քանի որ դա վերաբերում է իրենց կամ իրենց սիրելիներին, կամ այն պատճառով, որ նրանք ակտիվ պայքար են մղում խնդրի հետ առաջատար հիվանդանոցներում և առողջապահական կենտրոններում: Ուզում եմ այս բոլոր մարդկանց շատ ուժ մաղթել։

Առողջությունը միշտ պետք է առաջին տեղում լինի։ Մեզ բոլորիս համար սա հատուկ պահ է, և դուք պետք է հեևեք ինչպես իշխանությունների, այնպես էլ առողջապահական մարմինների ցուցումներին։ Միայն այդպես մենք կարող ենք արդյունավետ պայքարել դրա դեմ։

Եկել է ժամանակը, երբ պետք է պատասխանատու վերաբերվել դրան և մնալ տանը։ Սա իդեալական պահ է վայելել համատեղ ժամանցը սիրելիների հետ, ինչը երբեմն բավարար չի լինում։ Բոլորին գրկում եմ և հույս ունեմ, որ կկարողանանք հնարավորինս շուտ հաղթահարել ստեղծված իրավիճակը», – ասել է Մեսսին։

Facebook Comments