Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապարոսը հարցազրույց է տվել ՀՖՖ-ին։ Իսպանացի փորձառու մարզիչը խոսել է մի շարք հարցերի շուրջ։

«Բարի օր, շատ դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում։ Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին։ Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման համար։ Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման կայացման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ են աշխատում Խինես Մելենդեսը ու Անտոնիո Ֆլորեսը։ Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընթացների ընթացքում։ Ինձ առաջին հերթին հետաքրքրեցին այն ծրագրերը, որն ունի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը։ Երբ առաջին անգամ հանդիպեցի և զրուցեցի նախագահի հետ հասկացա, որ սա լուրջ ծրագիր է, գիտեմ թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը։

Մանկուց երկրպագել եմ «Սևիլիային», ինձ համար մեծ պատիվ է, որ ես «Սևիլիայի» ղեկին ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ։ «Սևիլիան» լավագույն ակումբներից է, ոչ միայն Իսպանիայում, այլ Եվրոպայում և ամբողջ աշխարհում՝ ինչի վկայությունն է այն, որ թիմը վերջին տարիներին բազմաթիմ տիտղոսներ է նվաճել եվրոպական ակումբային մրցաշարերում և համարվում է եվրոպայի լիգայի արքան։

Չնայած մինչ այս աշխատել եմ միայն ակումներում, շատ լավ պատկերացնում եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչի աշխատանքի առանձնահատկությունները։ Ակումբում դու ամբողջ տարվա ընթացքում թիմի հետ ես լինում և աշխատանքը ավելի հեշտ է, իսկ հավաքականում ժամանակը ավելի քիչ է, և շատ կարևոր է այդ ընթացքում քո ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ բաշխումը ու կառավարումը։ Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ շատ ուժեղ ֆուտբոլիստներ և ադապտացներ նրանց իր գաղափարներին, տակտիկական մտահղացումներին, սակայն մարզիչը շատ հաճախ ընտրում է իր մարտավարությունը հաշվի առնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների կարողությունները։ Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծել և ճիշտ ընտրություն դրսևորելը ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար, յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ ինքը ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում։

Հայաստանի ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ Իտալիայի Ա Սերիայից, Բունդեսլիգայից և Ռուսաստանի առաջնությունից։ Նրանց որակները իհարկե տարբերվում են մյուսներից, բայց մարզչի գլխավոր խնդիրն է հենց տարբեր խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստներից միասնական թիմ ստանալն է և իր գաղափարները հնարավորինս մատչելի կերպով տեղ հասցնելը։ Հենրիխ Մխիթարյանը անչափ բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ, ես շատ էի ցանկանում դիտել նրա խաղը «Սևիլիայի» դեմ խաղում, բայց ինչպես գիտեք հանդիպումը հետաձգվեց։ Գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանը իր ազգին ու հայրենիքին նվիրված մարդ է և մեծ ցանկությամբ է գալիս ազգային հավաքական։ Նրա ներկայությունը շատ կարևոր է նաև խաղընկերների համար, որովհետև, երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստները իրենց վստահ են զգում, բայց միարժամանակա ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում։

Ազգերի լիգայում հայտնվել ենք շատ մրցակցային խմբում, որում հնարավոր է զբաղեցնել առաջին տեղը, բայց շատ կարևոր է առաջ շարժվել, քայլ առ քայլ։ Ինձ համար ամենակարևոր հանդիպումը միշտ իմ թիմին սպասվող հաջորդ հանդիպումն է»,- ՀՖՖ-ի հետ զրույցում ասել է Խոակին Կապարոսը։

Facebook Comments