ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել վերջին դեպքերի առիթով, որում մասնավորապես ասվում է, որ չնայած ՀՖՖ Բողոքարկման նիստը մեկնարկել է հունիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, սակայն նիստի արձանագրությունը կազմվել և ուղարկվել է ՀՖՖ համապատասխան բաժին միայն հունիսի 19-ի երեկոյան: Հունիսի 19-ին՝ ժամը 18:08-ին, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է այդ պահի դրությամբ ակտուալ տեղեկատվություն որակազրկված ֆուտբոլիստների վերաբերյալ: ՀՖՖ-ն (ՀՖՖ պաշտոնական կայքը) պարտավոր չէ հրապարակել ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի որոշումները և սույն կոմիտեի ստեղծման պահից ի վեր դա արել է ընդամենը մի քանի անգամ՝ առանձնակի դեպքերում: Փոխարենը, ՀՖՖ-ն պարտավոր է որոշման մասին տեղյակ պահել բողոքարկող ակումբին, ինչն էլ տեղի է ունեցել սահմանված ժամկետներում: Ավելին, որոշման վերաբերյալ հանդիպման մեկնարկից առաջ տեղյակ է եղել նաև «Լոռի ՖԱ»-ն:

«Լոռի ՖԱ»-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել։

Հարգելի ֆուտբոլասերներ,

Տեղեկացնում ենք, որ «Նոա» ակումբի ֆուտբոլիստ Ալան Տատաեւը որակազրկվել էր երեք խաղով (ՀՖՖ կարգապահական կոմիտեի 11․06․2020 թ․ նիստի որոշմամբ) և այդ մասին ՀՖՖ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կայքը հրապարակել էր հաղորդագրություն, և այն մինչև այս պահը առկա է կայքում։

Հետաքրքիրն այն է, որ Տատաեւի որակազրկումը ավարտվում էր «Նոա» – «Լոռի» հանդիպումից հետո, սակայն հաշվետու խաղում այս ֆուտբոլիստը հայտավորված էր «Նոայի» մեկնարկային կազմում։

Ինչպես տեղեկացանք մրցակից թիմի ղեկավարությունից, երեկ ուշ գիշեր ՀՖՖ բողոքարկման կոմիտեն, ի դեմս կոմիտեի նախագահ Արմեն Դավթյանի (ի դեպ նա ֆուտբոլի հետ որեւէ առնչություն չունի), կայացրել է որոշում և մեկ խաղով կրճատել որակազրկումը, ինչի մասին տեղյակ չի պահվել ո՛չ «Լոռի» ՖԱ-ին, ո՛չ էլ հրապարակվել է ՀՖՖ պաշտոնական կայքում։ Ավելին՝ հունիսի 19-ին՝ 18։08-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է Բարձրագույն խմբի 24-րդ տուրը որակազրկման պատճառով բաց թողնող ֆուտբոլիստների եւ պաշտոնյաների ցանկը, որտեղ ներառված է նաեւ Ալան Տատաեւը։

Ստացվում է, որ ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակում է որոշում, բայց կուլիսների հետևում կայացվում է այլ որոշում։ Նման գործելակերպը հակասում է մարզական բոլոր սկզբունքներին։

«Լոռի» ՖԱ-ն հորդորում է ՀՖՖ-ին լրջորեն մոտենալ նման հարցերին և հարգել ակումբներին, նրանց կատարած աշխատանքը։ «Լոռի» ՖԱ-ն ՀՖՖ-ից սպասում է արագ արձագանք և պարզաբանում, որպեսզի մենք որոշենք մեր հետագա քայլերը։

Facebook Comments