Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը քիչ հավանական է, որ մեկնարկային կազմում կհայտնվի «Բոլոնիայի» դեմ Ա Սերիայի խաղում, որը կկայանա վաղը: Բոսնիացին կարող էր բաց թողնել նաև «Նապոլիի» հետ եզրափակիչը, նրա փոխարեն պետք է խաղար Ռոդրիգո Բենտանկուրը, սակայն մարզչական շտաբի այս ծրագիրը փչացրեց Սամի Խեդիրայի վնասվածքը: «La Stampa»-ի համաձայն՝ «Յուվենտուսի» մարզման ժամանակ Պյանիչը վիճել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի հետ ։

Կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Բարսելոնան», որը կարող է նրան փոխարինել Արթուր Մելոյի հետ։ Միևնույն ժամանակ Սարիի գլխավերևում սև ամպեր են կուտակվում, քանի որ թիմը պարտվել է Սուպերգավաթի և Իտալիայի գավաթի կարևորագույն խաղերում, իսկ Ա Սերիայում դեռևս ինտրիգը պահպանվում է։ Չի բացառվում, որ մրցաշրջանի վերջում Սարրին կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից։

Նշենք, որ Իտալիայի գավաթի եզրափակչից առաջ Ռոնալդուն և Սարրին նույնպես վիճել էին իրար հետ։ Սարրին ուզում էր, որ Ռոնալդուն խաղա կենտրոնական հարձակվողի դիրքում, իսկ ֆուտբոլիստը հրաժարվում էր և ուզում էր հանդես գալ իր հարազատ ձախ եզրում։

Facebook Comments