Հունիսի  25-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստը նախապես նշանակված էր ապրիլի 13-ին, սակայն, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, հետաձգվել էր:

 Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացի 10 թեկնածուների՝ «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս», «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Սևան», «Վեստ Արմենիա» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 4-ին՝ «Նորավանք ՖԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Սևան ՖԱ», «Վեստ Արմենիա ՖԱ»: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2020/2021թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները։

Արտոնագրման դիմումներիի մերժման արդյունքում նշված 6 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2020/21թթ-ի առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5  օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

«Վան» և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներին ՀՖՖ արտոնագրման կոմիտեի՝ մարտի 9-ին կայացած նիստում շնորհվել էր ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակցության իրավունք ընձեռող Ազգային արտոնագիր: Վերոնշյալ երկու ակումբներից մարզական չափանիշներով ՀՀ Բարձրագույն խմբի ուղեգիր չնվաճած ակումբը, Ազգային արտոնագրի հիման վրա, ավտոմատ կերպով իրավունք կստանա մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը: 

Facebook Comments