Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց «Վիլյարեալին» և աչքի ընկավ ակումբային պատմության հոբելյանական 9000-րդ գոլով, հայտնում է «Բարսելոնայի» թվիթերյան էջը:

17-ամյա հարձակվող Անսու Ֆատին, որը 72-րդ րոպեին փոխարինեց ֆրանսիացի Անտուան Գրիզմանին, 87-րդ րոպեին աչքի ընկավ խփած գոլով, որը «Բարսելոնայի» համար դարձավ 9000-րդը:

Անսուն «Բարսելոնայի» սան է: Կատալոնացիների հիմնական թիմում հարձակվողը նորամուտը նշել է 2019 թվականին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, ընդ որում ակումբը կարող է ակտիվացնել երկու խաղաշրջանով երկարաձգելու տարբերակը։

Ֆատին «Բարսելոնայի» պատմության մեջ ամենաերիտասարդ գոլ խփած ֆուտբոլիստն է և Իսպանիայի առաջնության պատմության մեջ երրորդն է, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին մասնակցել է 28հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 1 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում:

Facebook Comments