Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն ակումբին հայտնել է, որ դժգոհ է իր կարգավիճակից, հաղորդում է «Football Italia»-ն: Մրցաշրջանի վերսկսումից հետո ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց ընդամենը տասը րոպե՝ հինգ խաղում:

Աղբյուրի տվյալներով ՝ Ֆրենկ Լեմպարդը և նրա մարզչական շտաբը կարծում են, որ Ժորժինյոն քիչ է օգնում թիմին հարձակողական փուլում, եթե հաշվի չառնենք 11 մետրանոց հարված կատարելու նրա կարողությունը:

Նշվում է, որ Ժորժինյոյին իր թիմում է ուզում տեսնել իր նախկին մարզիչ Մաուրիցիո Սարրին, ով այժմ գլխավորում է «Յուվենտուսը»։ Ժորժինյոն Սարրիի հետ աշխատել է «Նապոլիում» և «Չելսիում»։ Ի դեպ, լոնդոնցիները Ժորժինյոյին 60 մլն եվրոյից պակաս գումարով չեն վաճառի։

Ֆրենկ Լեմպարդը վերջին շրջանում սկսել է Նգոլո Կանտեին օգտագործել հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ Ժորժինյոի համար ոչ մի կերպ չի կարողանում տեղ գտնել մեկնարկային կազմում, այդ իսկ պատճառով իտալացի ֆուտբոլիստը մնում է պահեստայինների նստարանին։

Նշենք, որ Ժորժինյոն «Չելսի» էր տեղափոխվել 2018թ․-ին և արդեն հասցրել է նվաճել Եվրոպայի լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Այս մրցաշրջանում Ժորժինյոն ԱՊԼ-ում անցկացրել է 27 հանդիպում, խփել է 4 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments