«Արարատ-Արմենիան» տեղեկացնում է, որ Վարդան Մինասյանը հեռացել է Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինչպես հայտնի է, Վարդան Մինասյանի պայմանագիրը սպառվել էր «Արարատ-Արմենիայի» հետ։

«Արարատ-Արմենիան» հանդես է եկել հայտարարությամբ։

«Հարգելի ֆուտբոլասերներ, Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և մեր ակումբի միջև կնքված պայմանգիրը՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:

Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն:Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մինասյանին և իր մարզչական շտաբին համատեղ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար: Շնորհակալ ենք, Մինասյա՛ն: Մաղթում ենք հաջողություն:

Ստորև ներկայացնում ենք Վարդան Մինասյանի խոսքը.«Ավարտվեց երկամյա իմ համատեղ աշխատանքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս ժամանակահատվածում մենք կարողացանք երկու անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել սուպերգավաթ, և իհարկե հաջողություններ գրանցեցինք եվրոգավաթներում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին, և իհարկե թիմի ֆուտբոլիստներին հաջող աշխատանքի համար։ Ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ»։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին մամուլում շրջանառվում էր Դավիդ Կամպանյաի անունը, ով Հայաստանում է և կարող է գլխավորել «Արարատ-Արմենիան»։

Facebook Comments