«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Ռոմայի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը (2:2), ինչպես նաև քննադատել է խաղացանկը կազմողներին:

«Չմոռանանք, որ «Ինտերը» նույն նպատակներից է սկսել մրցաշրջանում, ինչ «Ռոման» ու «Նապոլին»։ Սերիա Ա-ն իսկապես շատ մրցունակ է դարձել, և բոլորը տրամադրված են գերազանց մրցաշրջան անցկացնելու համար: Եթե մարդիկ ասում են, որ «Ինտերը» սպասվածից ցածր դիրքում է, ապա ի՞նչ կասեք առաջին քառյակում չավարտված մյուս թիմերի մասին։

Մենք պետք է սովորենք այդ մեծ խաղերի ճնշմանը, և դա այն է, ինչ «Ինտերը» կորցրել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Պետք է աշխատել դրա վրա, բարելավվել մտածելակերպը։

Այսօր հիանալի մարզավիճակում գտնվող «Ռոմայի» հետ խաղում «Ինտերը» լավ ելույթ ունեցավ։ Ես ցանկանում եմ, որ մարդիկ նայեն «Ինտերի» խաղացանկին, քանի որ մեր օրացույցը խելագարություն է և կարծես ստեղծվել է մեզ մոտ խնդիրներ առաջացնելու համար։ Մենք միշտ խաղում ենք ուշ գիշեր, թիմերը, որ մենք հանդիպում ենք, միշտ ունեն լրացուցիչ հանգստյան օր՝ ի տարբերություն մեզ։ Սրանք փաստեր են։

Սա անոմալիա է: Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել վերջին տուրում։ Մենք ուշ երեկոյան խաղում ենք արտագնա խաղում և արդյունքում առավոտյան 4-ին տուն ենք վերադառնում։

Սա ծիծաղելի է։ Եթե ինչ-որ մեկը պետք է ապտակ ստանա, դա միշտ էլ «Ինտերն» է», — Կոնտեի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

34-րդ տուրից հետո «Ինտերը», հավաքելով 72 միավոր, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ տեղ: «Ռոման» 58 միավորով 5-րդ տեղում է:

Facebook Comments