Հուլիսի 30-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը: ՀՖՖ Գործկոմը քվեարկեց վետերան և գործող ֆուտբոլիստների աջակցության ժամանակավոր կոմիտեի ստեղծման օգտին:

Այնուհետև, ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատեց ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների (2020-21 մրցաշրջան) կազմակերպման կանոնակարգը և ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգը:

Նիստի վերջում քննարկվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 առաջնության մասնակիցների հաստատման հարցը: Հաշվի առնելով, որ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվեց թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում:

Facebook Comments