VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին՝ «Արարատը» և «Փյունիկը»։ Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ օգուտ «Արարատի»։

Երկու թիմերն էլ լուրջ փոփոխություների էին դիմել։ «Արարատը» նորից հերթական փոփոխությանն էր կատարել ակումբի ղեկավար կազմում, փոփոխվել էր մարզիչն ու թիմի կազմը։ Վարդան Բիչախչյանը ժամանել էր «Արարատ» իր հետ բերելով «Շիրակի» 8 ֆուտբոլիստների։ Իսկ «Փյունիկը» գլխավորել է Արտակ Օսեյանը, ով առաջ Վարդան Մինասյանի մարզչական շտաբում էր «Արարատ-Արմենիայում»։ Արտակ Օսեյանը ավելի վաղ «Փյունիկը» մեկ անգամ արդեն գլխավորել էր։ «Փյունիկը» մրցաշրջանից առաջ կազմը փոփոխության էր ենթարկել և թիմը հստակ նպատակներ ունի՝ պայքարել չեմպիոնության համար։

Ընդհանուր հետաքրքիր հանդիպում էր, հարձակվողական ֆուտբոլ էին դավանում երկու թիմերը։ Թիմերը փորձեցին առաջ անցնել հաշվի մեջ, բայց երկար ժամանակ դա չէր ստացվում։ Եվ «Արարատը» և «Փյունիկը» բավականին լավ պահեր ունեին, բայց չկարողացան իրացնել դրանք։ Միայն խաղավարտին մենք ականատես եղանք գոլի, որը խփեց «Արարատը»։ Հրայր Մկոյանի երկար փոխանցումից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց «Փյունիկի» տուգանային հրապարակում, որից կարողացավ օգտվել բազմափորձ Ուրոշ Նենադովիչը և հաղթանակ պարգևեց «Արարատին»։ «Փյունիկը» բազում պահեր ուներ, բայց չկարողացավ օգտվել և պատժվեց։ Վարդան Բիչախչյանը «Արարատի» ղեկին տարավ իր առաջին հաղթանակը, իսկ Արտակ Օսեյանը ստիպված պետք է հաշտվի պարտության հետ։

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակելով 3 միավոր հավասարվեց «Վանին», իսկ «Փյունիկը» ոչ մի միավոր չվաստակելով առաջնության վերջնամասում է։

Հարկ ենք համարում նշել, որ «Լոռիի» և «Ուրարտուի» միջև հանդիպումը չի կայանա, քանի որ վանաձորյան ակումբը կորոնավիրուսից նոր է ապաքինվել և պատրաստ չէ մասնակցել հանդիպմանը։

Facebook Comments