Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մտադիր է իր կարիերան շարունակել Իտալիայում։

31-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո իր խաղընկերներին ասել է, որ ուզում է տեղափոխվել «Միլան», հաղորդում է «COPE»-ի լրագրող Խուան Գատոն:

Կոստան մտադիր է վերջին մեծ պայմանագիրը կնքել իր կարիերայում, և նրա գործակալ Ժորժե Մենդեշը զբաղվում է այդ հարցով։ «Ատլետիկոյի» հետ Կոստայի պայմանագիրը նախատեսված է ևս մեկ տարով։

«Միլանին» այժմ հարձակվող է պետք, ով Զլատան Իբրահիմովիչի հետ կօգնի թիմին պայքարել Չեմպիոնների լիգա վերադարձի համար, ինչպես նաև ԵԼ-ում պայքարել չեմպիոնության համար։

Նախորդ մրցաշրջանում «Միլանը» Ա Սերիայում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը և հնարավորություն է ստացել մասնակցել ԵԼ-ին։ «Միլանը» պայքարը կսկսի ԵԼ-ի որակաորման 2-րդ փուլից։

Դիեգո Կոստան ավելի վաղ հանդես է եկել «Չելսիի» կազմում և դարձել է ԱՊԼ-ի կրկնակի չեմպիոն և Անգլիայի լիգայի գավաթակիր։

2019/20 մրցաշրջանում Դիեգո Կոստան բոլոր մրցաշարերում «Ատլետիկո Մադրիդի» կազմում խփել է 5 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Facebook Comments