«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր չէ բաց թողնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, այս մասին հայտնում է «El Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Բարտոմեուն չի ցանկանում լսել արգենտինացու վաճառքի մասին ոչ մի առաջարկ։

Նա հանդիպել է կատալոնական ակումբի այլ ղեկավարների հետ։ Դրանում որոշում է կայացվել, որ կապտանռնագույնները պետք է մնան անդրդվելի իրենց դիրքորոշման մեջ։

Բարտոմեուն մտադիր է անձնական հանդիպում անցկացնել 33-ամյա հարձակվողի հետ, որպեսզի համոզի նրան մնալ «Բարսելոնայում», որտեղ և ավարտի իր կարիերան։

Նշվում է, որ Բարտոմեուն սովոր է քննադատություն ստանալ իր հասցեին, սակայն կարծում է, որ իր պարտականությունն է «Բարսելոնայի» ճգնաժամը հաղթահարել և պահպանել պատմության լավագույն ֆուտբոլիստին:

Մեսսին, իր հերթին, դեռևս ամուր է մնում կատալոնական ակումբից հեռանալու իր մտադրության մեջ։ Մեսսին հասկանում է, որ շուտով այլեւս չի կարողանա խաղալ ամենաբարձր մակարդակով, իսկ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հաղթելու շանս չունի: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ակումբը չունի միջոցներ կազմի ամրապնդման համար։

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ արգենտինացին վերջնական որոշում է կայացրել «Բարսելոնայից» հեռանալու մասին: Նա հիասթափվել է ակումբի կառավարման համակարգից և թիմի վերջին արդյունքներից, որը 12 տարվա ընթացքում առաջին անգամ առանց տիտղոսների է մնացել: Նրա դիրքորոշման վրա չի ազդի նույնիսկ Բարտոմեուի հնարավոր հրաժարականը նախագահի պաշտոնից։

Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի ցանկանում Մեսսիին անվճար բաց թողնել, քանի որ նա իրավական իրավունք չունի պայմանագիրը խզելու համար։ Եթե կապտանռնագույնները ստիպված լինեն վաճառել ֆուտբոլիստին, ապա նրանք կցանկանային այդ տրանսֆերն ամենաթանկ դարձնել պատմության մեջ և պոտենցիալ գնորդից պահանջել 223 մլն եվրո:

Մեսսին «Բարսելոնայի» սան է։ Անցած մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, խփել է 31 գոլ և կատարել 26 արդյունավետ փոխանցում։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։

Facebook Comments