«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կշարունակի աշխատել անգլիական գրանդ ակումբում, այս մասին հաղորդում է Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերը բանակցություններ են վարում պայմանագիրը մինչև 2022 թվականը երկարաձգելու շուրջ:

49-ամյա իսպանացին «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016 թվականին։ Նրա ղեկավարությամբ թիմը երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում և Սուպերգավաթում, մեկ անգամ նվաճել երկրի գավաթը և երեք անգամ՝ լիգայի գավաթը։

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ հավաքելով 81 միավոր: Չեմպիոնների լիգայում թիմը հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է «Լիոնին»(1:3):

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գվարդիոլան բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ՝ «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության շուրջ: Նրանք միասին աշխատել են կատալոնական ակումբում 2008-2012 թվականներին։

Facebook Comments