«Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին վարձավճարով տեղափոխվել է «Միլան», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Միլանը» համաձայնության է հասել «Բրեշիայի» հետ կիսապաշտպանի տեղափոխության հարցում: 20-ամյա Տոնալիի վարձակալությունը կարժենա 10 միլիոն եվրո, իսկ հետո ևս 20 միլիոն եվրոյով իտալական ակումբը կգնի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Բացի այդ, ֆուտբոլիստի ապագա վաճառքի 10 տոկոսը բաժին կհասնի «Բրեշիային»:

«Մենք ուրախ ենք ողջունել Սանդրոյին մեր «կարմիր-սև» ընտանիքում։ Նա տաղանդավոր և երիտասարդ կիսապաշտպան է, որը ոչ միայն ցուցադրում է «Միլանի» արժեքները, այլև ֆուտբոլիստ է, ով զգալի ներդրում կունենա ակումբի ապագա հաջողության գործում»,- ասել է «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին։

Նշենք, որ ավելի վաղ «Ինտերը» գրեթե համաձայնեցրել էր Տոնալիի տրանսֆերը, բայց «Միլանը»՝ Պաուլո Մալդինիի գլխավորությամբ կարողացավ համոզել Տոնալիին և «Բրեշիայի» նախագահին։ Տոնալին չի թաքցնում իր «Միլանի» երկրպագու լինելը և ընդունեց Պաուլո Մալդինիի առաջարկը։

2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը ակումբային մակարդակով անցկացրել է 36 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է 7 արդյունավետ փոխանցում: «Transfermarkt»-ի տվյալներով` տրանսֆերային արժեքը կազմում է 32 մլն եվրո։

Facebook Comments