Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր:

Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ-ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը: 

«Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին աշխատել եմ այս տարիքային հավաքականում և լավ եմ պատկերացնում աշխատանքի դրական կողմերը և դժվարությունները: Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումները մեզ համար լավ առիթ է գործի մեջ տեսնելու այն ֆուտբոլիստներին, ում շուրջ ձևավորվելու է ընտրական հաջորդ փուլին մասնակցող հավաքականը: ԲԿՄԱ-ում ամենօրյա ռեժիմով աշխատում եմ թեկնածուներից շատերի հետ: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու տարիքային առումով այս հավաքականին համապատասխան բոլոր ֆուտբոլիստներն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վստահ եմ, որ ստեղծելու ենք շատ մարտունակ հավաքական»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Ռաֆայել Նազարյանը:

Facebook Comments