«Ռեալ Մադրիդն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ թիմի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղից առաջ:

Վարակը հայտնաբերվել է պաշտպան Էդեր Միլիտաոյի մոտ։ Բրազիլացին թեստը անցել է նախօրեին՝ նոյեմբերի 1-ին, և ստացել է դրական արդյունք։

Նշվում է, որ ստուգման ընթացքում «Ռեալի» մյուս խաղացողները, ինչպես նաև ակումբի աշխատակիցները, որոնք աշխատել են Միլիտաոյի հետ, վարակված չեն եղել:

«Ռեալ»–«Ինտեր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին Մադրիդի «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում: Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 00:00-ին։

«Ռեալը» երկու տուրից հետո զբաղեցնում է Չեմպիոնների լիգայի B խմբում վերջին՝ չորրորդ տեղը՝ վաստակելով ընդամենը 1 միավոր։ «Ինտերը» 2 միավորով ավելի բարձր դիրքում է, իսկ լրացուցիչ ցուցանիշներով նրան գերազանցում է Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Խմբի առաջատարը 4 միավորով «Շախտյորն» է։

Facebook Comments