«Գանձասար-Կապանը» բաց նամակով դիմել է իր հովանավորին՝ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին, մասնավորապես բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին

«Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից։


ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։


Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։ Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։
Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար:

Հարգանքներով՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անձնակազմ»։

Հիշեցնենք, որ այսօր պետք է տեղի ունենար Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացվի այդ խաղի վերաբերյալ, որը պետք է մեկնարկեր՝ 17:00-ին։

Նախորդ տուրում միջադեպ էր գրանցվել «Գանձասար-Կապան»-«Վան» խաղին։ Մրցավարը կասկածելի 11մ․ հարված էր նշանակել «Գանձասար-Կապանի» դարպասին, որը շատ բուռն էին արձագանքել կապանյան մարզիչները, որի արդյունքում գլխավոր մրցավարը կարմիր քարտով հեռացրել էր կապանյան թիմի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանին։ Իսկ խաղից հետո «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչները ծեծի էին ենթարկել հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանին և նրա օգնականին։

Facebook Comments