«Նոա» ՖԱ-ն վերջերս հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Հայաստանի փոխչեմպիոնի մարզչական ղեկն է ստանձնել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն։ Նա առաջին հարցազրույցն է տվել «Նոա» ՖԱ-ին։

Նախ շնորհավորում ենք Ձեզ՝ նշանակման կապակցությամբ։ Հուսանք, որ համատեղ աշխատանքը հետաքրքիր և արդյունավետ կլինի: Ի՞նչ զգացողություն ունեք՝ գլխավորելով թիմ այսօրվա անհանգիստ Հայաստանում, հատկապես՝ մրցաշրջանի մեկնարկից ամիսներ անց:

-Շնորհակալություն։ Նախ, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ակումբի ղեկավարությանը՝ հրավերի, աշխատելու հնարավորության, թիմի մաս լինելու և «Նոա» ակումբի պատմության մասը լինելու համար, ակումբ, որը ասպարեզում է հայտնվել ոչ վաղ անցյալում, բայց արդեն հասել է որոշակի հաջողությունների: Հասկանալի է, որ այդպիսի առաջարկի շուրջ մտածելու համար ժամանակ էր պահանջվում, ինձ այն ընձեռվեց, և ահա ես այստեղ եմ: Այո, հասկանում եմ, որ իրավիճակն ամենահանգիստը չէ, այն, ինչ ես հիմա տեսնում եմ ՝ այստեղ ժամանելով, համընկնում է թիմի ղեկավարության կողմից ինձ նկարագրածի հետ: Ինչ վերաբերում է մրցաշրջանի՝ արդեն իսկ անցած հատվածին, ապա սա, կարելի է ասել, բավականին բարդ առաջնության սկիզբն է, որը տեղի է ունենում անհանգիստ ժամանակահատվածում՝ համաճարակաբանական իրավիճակի տեսանկյունից ոչ միայն Հայաստանում,Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում: Եվ դա պետք է ընդունել որպես իրականություն՝ այն բոլոր գործոնների նման, որոնք կարող են ազդել խաղացողների, նրանց պատրաստվածության վրա: Այնպես որ, ես տեսնում եմ, որ խաղերի օրացույցը «կոտրված» է՝ թիմերը տարբեր քանակի հանդիպումներ են անցկացրել, հետաձգված շատ խաղեր կան, շատ խաղացողներ ներկայումս ինքնամեկուսացված են թագավարակի պատճառով, ինչը, կրկնեմ, այժմ բնորոշ է ոչ միայն Հայաստանին: Եվ թիմերը այս իրավիճակը փորձում են հաղթահարել բոլոր մակարդակներում, ներառյալ Չեմպիոնների լիգան:

Հաշվի առնելով այս ամեն՝ ի՞նչ նպատակներ և խնդիրներ է դնում Ձեր առջև ակումբի ղեկավարությունը:

-Այսպես ասեմ, այստեղ ակումբի ղեկավարության հետ մեր խնդիրն նպատակը առավելագույն հնարավորն անելն է՝ հաղթել յուրաքանչյուր խաղում և նման իրավիճակում ձգտել բարձունքի …

Ինչպե՞ս եք գնահատում ​​Ձեր նոր ակումբը, և առհասարակ որո՞նք են ձեր առաջին տպավորությունները հայկական ֆուտբոլից:

-Բավականին բարդ առաջնություն է, ես դեռ պետք է այն ավելի խորը ուսումնասիրեմ: Այստեղ կան բավականին բարձրակարգ լեգեոներներ, որոնք համալրում են թիմերից յուրաքանչյուրը, ես տեղյակ եմ նաև լիմիտի մասին, ինչը կապված է Հայաստանում ֆուտբոլի զարգացման հետ: Բնականաբար, ես դիտել եմ մի քանի խաղեր, բայց ամբողջական պատկերացում կազմելու համար ավելի մանրամասն ուսումնասիրելու շատ բան կա:

Ո՞րն է ձեր փիլիսոփայությունը ֆուտբոլում, ձեր պատկերացրած կատարյալ թիմը:

-Ճիշտ թիմը արդյունքի հասնող թիմն է: Ինձ համար ֆուտբոլը խաղ է ՝ որպես արդյունքի հասնելու միջոց, և դա կախված կլինի ներկայում խաղադաշտ դուրս եկող կատարողների որակից …

Ձեզ գոհացնո՞ւմ է այն, ինչ արդեն տեսաք «Նոա»-ում:

-Ես արդեն ասել եմ, որ դեռ վաղ է եզրակացություններ անել: Ընդամենը 90 րոպե աշխատանքային ժամանակ ունեցա առաջին մարզման ընթացքում, իսկ մինչ այդ ես դիտել եմ մեկ խաղ ուղիղ հեռարձակմամբ («Շիրակ» — «Նոա» հանդիպումը) և մի քանի ձայնագրված խաղեր … Կցանկանայի հնարավորինս շատ խաղացողների հնարավորություն տալ նրանց զարգացման և նպատակների իրականացման համար:

Հայտնի է դարձել, որ այսուհետև «Նոա»-ն տնային հանդիպումները կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ՝ արդեն առաջիկա կիրակի օրը կայանալիք «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից սկսած: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ նոր մարզչի գործոնը և նոր դաշտը կարող են ազդել խաղացողների հոգեբանության և, որպես արդյունք, թիմի հաջող խաղի վրա:

-Ֆուտբոլային դաշտը կարող է ազդել խաղի որակի վրա ավելի շատ, քան կարող էր թվալ առաջին հայացքից: Տեսանք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, թե ինչպես Լովրենը սայթաքեց, և «Զենիթ»-ը թանկարժեք միավորներ կորցրեց… Բայց դատելով այն բանից, թե ինչպես ֆուտբոլիստները արձագանքեցին Ավանի ակադեմիայում խաղալու որոշմանը, այն ճիշտ էր, և ես դրա համար շատ շնորհակալ եմ ակումբի և թիմի ղեկավարությանը: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ «Նոա»-ն խաղալու է գործող չեմպիոնի դեմ: Շատ ավելի լավ ՝ ամենահետաքրքիր խաղը կլինի: Ինչ վերաբերում է իմ նշանակման գործոնին, ապա ինձ անհանգստացնում է ֆուտբոլիստների արձագանքը դաշտում, թե ինչպես են նրանք կատարում պահանջները, մնացածը կարևոր չէ․․․

Ո՞րն է ձեր ուղերձը «Նոա»-ի երկրպագուներին:

-Ես իսկապես հուսով եմ, որ մեր խաղն ու արդյունքները հնարավորինս շատ երկրպագուներ կգրավեն: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդ ակումբի երկրպագուների կորպուսը բանակի չափ դառնա․․․

Facebook Comments