Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորում։ Իրար հետ մրցեցին Հայաստանի Պրեմիեր լիգայի հետնապահ «Շիրակը» և չեմպիոնության հավակնություններ ունեցող «Լոռին»։

«Շիրակը» կազմաթափվելուց հետո լիովին փոխել է իր կազմը՝ ավելի երիտասարդնացնելով։ Հայ երիտասարդներով այս թիմը փորձում է արդյունքի հասնել Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, բայց դեռ չի ստացվում։ Խաղ առ խաղ թիմի ֆուտբոլը ավելի է հասունանում, բայց արդյունքի հասնելու համար ինչ-որ բան չի բավականացնում։ «Լոռին» նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ պայքարում է չեմպինության համար և ամեն խաղ կարևոր նշանակություն ունի այս թիմի համար։

Բավականին հետաքրքիր և դրամատիկ ֆուտբոլ ծավալվեց։ Եկեք խոստովանենք, որ Հայաստանի առաջնության մակարդակը բարձրացել է։ Բավականին գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ են խաղում թիմերը և այս հանդիպումը բացառություն չէր։

Հանդիպման 18-րդ րոպեին Պավել Օսիպովը բացեց հանդիպման հաշիվը։ Երկրորդ խաղակեսը դեռ նոր-նոր էր սկսվել, երբ Ռուդիկ Մկրտչյանը անսպասելիորեն կարողացավ հաշիվը հավասարեցնել։ Ուրախությունը երկար չտևեց։ Հաջորդ գրոհի ժամանակ Ալմոգ Օհայոն դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ առաջ մղելով վանաձորյան ակումբին։ 65-րդ րոպեին «Շիրակը» տուգանային հարվածի իրավունք ստացավ, որն էլ վարպետորեն իրացրեց Արտյոմ Միքայելյանը։ «Շիրակը» կարողացավ երկու անգամ հաշիվը հավասարեցնել և այս հաշիվը ձեռնտու էր գյումրեցիներին, նրանք փորձում էին պահել և գոնե գեթ մեկ միավոր վաստակել, բայց չստացվեց։ Հանդիպման 85-րդ րոպեին Արամ Քոչարյանը հեռվից դիպուկ հարված կատարեց, որն էլ հաղթական ստացվեց «Լոռիի» համար։ 3:2 և «Լոռին» անչափ դժվարին խաղում կարողացավ հաղթել։

Այս հանդիպումից հետո «Լոռին» վաստակեց 17 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Շիրակը» 2 միավորով վերջին՝ 9-րդ հորիզոնականում է շարունակում մնալ:

Facebook Comments