«Դերբի Քաունթիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ուեյն Ռունին նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ։

35-ամյա անգլիացին պայմանագիր է կնքել «Դերբի Քաունթիի» հետ մինչև 2023թ․-ը։ Ռունին որոշել է ավարտել իր ֆուտբոլիստի կարիերան և լիովին կենտրոնանալ մարզչական աշխատանքի վրա։

«Երբ ես առաջին անգամ վերադարձա Մեծ Բրիտանիա, ես լիովին հիացած էի «Դերբի Քաունթիի» պոտենցիալով։ Մարզադաշտը, մարզման խաղադաշտը, ակումբի ֆուտբոլային որակները և երիտասարդ ֆուտբոլիստները և իհարկե երկրպագուները, որոնք մնացին հավատարիմ և շարունակեցին մեզ աջակցել։ Չնայած այլ առաջարկներին, ես գիտեի, որ «Դերբի Քաունթին» ինձ համար լավ տեղ է»,- ասել է Ռունին։

Ռունին տեղափոխվել է «Դերբի Քաունթին» 2020թ․-ի հունվարին։ 2020թ․-ի նոյեմբերին Ռունին դարձավ մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

Որպես ֆուտբոլիստ Ռունին «Դերբի Քաունթիում» անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գլխավորությամբ «Դերբի Քաունթին» գտնվում է 22-րդ տեղում Չեմպիոնշիփիի մրցաշարային աղյուսակում։

Առաջին հանդիպումը Ռունիի, որպես «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ, կկայանա այսօր՝ «Ռոտերհեմ Յունայթեդի» դեմ խաղում։

Facebook Comments