Մանչեսթերի «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում տեղի ունեցավ ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերտոն» հանդիպումը, որն ավարտվեց գոլառատ՝ 3:3 հաշվով։

Հանդիպման 24-րդ րոպեին Էդինսոն Կավանին բացեց հանդիպման հաշիվը։

Հանդիպման 45-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը ֆանտաստիկ հարվածով «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը ավելի վստահ դարձրեց։

4 րոպե անց Դոմինիկ Կալվերտ-Լյուինը հարվածեց, որից հետո Դե Խեան անվստահ գործեց, իսկ Աբդուլայե Դուկուրեն դարձավ գոլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։

Քիչ անց «Էվերտոնը» կարողացավ նաև հավասարեցնել հանդիպման հաշիվը, այս անգամ գոլի հեղինակ դարձավ Խամես Ռոդրիգեսը։

Հանդիպման 70-րդ րոպեին Սքոթ Մակտոմինայը Լյուկ Շոուի փոխանցումից հետո գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով «Մանչեսթեր Յունայթեդին»։

Թվում էր, թե «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական հաղթանակը կտոնի, բայց իրադարձությունները այլ սցենար էին կանխորոշել։ Հանդիպման 95-րդ րոպեին «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը մտավ տուգանային հրապարակ և գնդակը ուղարկեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը։ 3:3 և «Էվերտոնը» անչափ էմոցիոնալ և դրամատիկ խաղում կարողացավ միավոր վաստակել։

Այսպիսով Օլե Գունար Սուլշերի թիմը վաստակեց 45 միավոր և 2-րդ հորիզոնականում է գտնվում ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում, իսկ «Էվերտոնը» 37 միավորով 6-րդ տեղում է։
Facebook Comments