Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողներին հարցազրույց է տվել: Պարզաբանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակման հետ կապված խնդիրը։

«Գործկոմի նիստին մասնակցած բոլոր անդամները կողմ քվեարկեցին Խաշմանյանի թեկնածությանը։ Այս պահից նա հավաքականի գլխավոր մարզիչն է։ Շնորհավորում եմ պարոն Խաշմանյանին և հաջողություն եմ մաղթում նրան այս ծանր եւ պատասխանատու աշխատանքում։ Հույս ունեմ, որ նա կբերի հաղթանակներ մեր ազգային հավաքականին։

Պարզաբանեմ, թե ինչ կատարվեց երեկվանից մինչև այսօր։ Իրականում, ոչ մի խնդիր չի եղել, ինչ-որ երկրաշարժ չի եղել։ Ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը։ Իրականում, եղել է մի շատ պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում առաջիկայում կնշանակվի ծառայողական քննություն եւ համապատասխան պաշտոնյաներ կպատասխանեն։ 2019թ․ հունիսի 26-ին տեղի է ունեցել ՀՖՖ-ի հերթական ժողովը, որի ընթացքում հաստատավել է ՀՖՖ-ի նոր կանոնադրությունը։

ՀՖՖ-ի նոր կանոնադրության համաձայն, բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ֆեդերացիայի նախագահին։ Այդ կանոնադրությունը պետք է մուտքագրվեր արդարադատության պետական ռեգիստր, բայց մուտքագրվել է միայն այս տարվա հոկտեմբերի 25-ին և 10 աշխատանքային օր է պահանջվում գրանցվելու համար։ Ֆորմալ առումով այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը։ Բայց մեր աշխատակազմը ինձ չէր հայտնել, որ կանոնադրությունը պետռեսգիստրում դեռ գրանցում ստացած չէ։ Տեխնիկական սխալը եղել է մեր մի աշխատակցի կողմից։ Հունիսի փոխարեն տարել է հոկտեմբերին և ոչ մեկին չի ասել, դա է եղել միակ պատճառը:

Արսեն Թորոսյանը նիստին չէր մասնակցում, երևի զբաղված է, չգիտեմ՝ ինչու չի մասնակցել։

Ֆուտբոլում և ֆուտբոլային աշխարհում որեւէ քայլ չի արվում Արթուր Վանեցյանի դեմ, արվում է հայկական ֆուտբոլի դեմ։ Ցանկացած ոտնձգություն հայկական ֆուտբոլի դեմ անթույլատրելի է։ Եկեք բոլորս միավորվենք և փորձենք ունենալ լավ ֆուտբոլ։ Կոչ եմ անում մեր հասարակությանը սատարել ազգային հավաքականին, հայկական ֆուտբոլին եւ հավատալ, որ հայկական ֆուտբոլն ունենալու է լավ ապագա»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն Աբրահամ Խաշմանյանի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանի թիմին, նոյեմբերի 18-ին կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին։

Facebook Comments