Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման և Անգլիայի առաջնության կասեցման կապակցությամբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ` Յուրգեն Կլոպը դիմել է երկրպագուներին:

«Ես չեմ կարծում, որ ներկայիս ժամանակներում ֆուտբոլային մարզիչը կարևոր անձնավորություն է, բայց ես հասկանում եմ, որ մեր երկրպագուները ինչ-որ բառեր են սպասում ակումբից, այդ պատճառով ես որոշեցի դիմել ձեզ:

Առաջին հերթին մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգ տանի միմյանց մասին, ջանա պաշտպանել իր մերձավորին։ Իհարկե, դա միշտ պետք է լինի, բայց ներկա իրավիճակում դա առանձնակի կարևորություն է ստանում։

Նախկինում ես հաճախ էի ասում, որ ֆուտբոլն իմ կյանքում գլխավորն է, բայց հիմա դա այդպես չէ։ Այո, մենք չէինք ցանկանում խաղալ դատարկ մարզադաշտերի առջև և չէինք ցանկանում, որ խաղերը չեղյալ հայտարարվեն, կամ հետաձգվեն, բայց երբ հարցը մարդու և հասարակության գոյատևման մասին է, ոչ մի այլընտրանք չի կարող լինել։ Առաջին տեղում պետք է լինի մարդկանց անվտանգությունը։ Մենք տեսնում ենք, որ անձեռնմխելիություն չկա որևէ մեկի մոտ, և ոչ ոք ապահովագրված չէ հիվանդությունից: Հիմա մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր հիվանդացել են, որ նրանք արդեն ապաքինվեն: Ոչ ոք չգիտի, թե երբ ամեն ինչ կավարտվի, և ով կարող է տուժել, բայց մենք հավատում ենք, որ պաշտոնյաները անում են ամեն ինչ, եւ պետք է օգնել նրանց:

Եվ նորից եմ կրկնում` հոգ տարեք միմյանց մասին»,-ասել է Կլոպը:

Նշենք, որ Անգլիայի առաջնությունը հետաձգված է մինչև ապրիլի 4-ը:

Facebook Comments