Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը մտափոխվել է վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեին և որոշել է հաջորդ մրցաշրջանում պահպանել ֆուտբոլիստին, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «ազնվականների» հետ ավարտվում է 2023-ի ամռանը Ավելի վաղ «Չելսին» հայտարարել էր, որ պատրաստ է վաճառել կիսապաշտպանին 70 միլիոն եվրոյով: Կանտեի ծառայություններով հետաքրքրվում են կատալոնական «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «ՊՍԺ»-ն և Թուրինի «Յուվենտուսը»։

Իր հերթին Կանտեն բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում լքել «Չելսին» և երջանիկ է զգում լոնդոնյան ակումբում։

Կանտեն «Չելսին» էր տեղափոխվել «Լեսթերից» 2016թ-ին։ Նա լոնդոնյան ակումբում դարձել է ԱՊԼ կրկնակի չեմպիոն, նաև տիրացել է Եվրոպայի Լիգայի գավաթին և Անգլիայի գավաթին։

Այս մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում 22 հանդիպում է անցկացրել տարբեր մրցաշարերում։ Կանտեն դարձել է երեք գոլի հեղինակ։

Facebook Comments