«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Օլիվյե Ժիրուի և դարպասապահ Վիլլի Կաբալյերոյի հետ պայմանագրերը երկարաձգելու մասին: Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը երկարաձգվել են մինչև 2021/2022 մրցաշրջանի ավարտը։

«Ուրախ եմ շարունակել խաղալ «Չելսիում»։ Սպասում եմ, որ հնարավոր կլինի ավելի արագ վերադառնալ խաղադաշտ և վայելել ֆուտբոլն իմ խաղընկերների հետ։ Ցանկանում եմ ավելի շուտ կրել «Չելսիի» մարզաշապիկը, հատկապես հաճելի է դա անել «Սթեմֆորդ Բրիջում», երբ դա անվտանգ լինի», – Ժիրուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Կաբալյերոն «Չելսի» է տեղափոխվել 2017թ-ի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի դարպասապահը, որը սեպտեմբերին կդառնա 39 տարեկան, 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և բաց է թողել 14 գոլ։ Իսկ Ժիրուն մասնակցել է «Չելսիի» 13 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ «Transfermarkt»-ը ֆրանսիացի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Մրցաշրջանի սկզբնամասում Ժիրուն խնդիրներ ուներ Ֆրենկ Լեմպարդի հետ, նա չէր վստահում Ֆրանսիացում և ավելի շատ ժամանակ էր տալիս Թեմմի Աբրահամին և Միշի Բատշուայիին։ Վերջին մի քանի խաղերում Ժիրուն փոխարինելով վնասվածքների մեջ գտնվող Աբրահամին իրեն լավ էր դրսևորում և արժանացավ Ֆրենկ Լեմպարդի վստահությանը։ Իսկ Կաբալյերոն իր հերթին փոխարինում էր Կեպային, ով այս մրցաշրջանում ոչ այդքան տպավորիչ հանդիպումներ էր անցկացնում։ Նույնիսկ Կաբալյերոն պահ եղավ, որ Կեպային մեկնարկային կազմից դուրս թողեց։ Նա իր փորձով օգնում է երիտասարդ դարպասապահին, որ աճի և դառնա լավագույնը իր դիրքում։

Այս պահին Անգլիայի առաջնությունը կարանտինում է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Թիմերն արդեն սկսել են մարզումները ՝ պահպանելով սոցիալական հեռահարության կանոնները։

Facebook Comments