Ա Սերիայի վերսկսման հնարավոր ժամկետները պետք է քննարկվի մայիսի 28-ին։

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտարարել է, որ դա կլինի հունիսի 13-ին, կամ 20-ին։

Այն բանից հետո, երբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ա Սերիայի պահանջով լրացրել է մրցաշրջանի վերսկսման արձանագրությունը, մնացել է միայն հաստատել առաջնության խաղերի մեկնարկի ամսաթիվը:

«Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ է փոխանցել արձանագրության նոր տարբերակը։ Մենք այն կուսումնասիրենք նաև մայիսի 28-ին ֆեդերացիայի և Ա Սերիայի ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը կորոշենք մրցաշրջանի վերսկսման ամսաթիվը: Կարծում եմ ՝ դա կլինի հունիսի 13-ին կամ 20-ին»,- Իտալիայի սպորտի նախարարի խոսքը մեջբերում է «Tuttomercatoweb»-ը։

«Ինչ վերաբերում է խաղերի հեռարձակման հարցին, ապա մենք հնարավոր է օրինակ վերցնենք այն մոդելից, որն այժմ կիրառում է Գերմանիայում «Sky»-ը՝ անվճար հեռուստաալիքներով հեռարձակումներ, բաժանորդների համար առանձին խաղերի անհատական պատվերի հնարավորություն և այլն»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի կառավարության կողմից սպորտային միջոցառումներ անցկացնելու արգելքի պատճառով մինչև հունիսի 14-ը ներառյալ հնարավոր չի լինի վերսկսել Ա Սերիան։

Facebook Comments