«Բայերի» 20-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը, Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ խաղում խփելով 35-րդ գոլը (1:0), դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների շրջանում՝ ամբողջ պատմության ընթացքում, հայտնում է «Gracenote»-ը:

Ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղում է «Շալկեի» նախկին հարձակվող Կլաուս Ֆիշերը, որը խփել է 34 գոլ: Երրորդը «Քյոլնի» նախկին խաղացող Դիտեր Մյուլերն է՝ 32 գոլով։

4-րդ տեղը կիսում են միանգամից երեք խաղացողներ՝ Վալտեր Բեխտոլդը («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Ուլի Հյոնեսը («Բավարիա») և Ռայներ Բուդդեն («Դույսբուրգ»), որոնք խփել են 28-ական գոլ:

Կայ Հավերցն ընթացիկ մրցաշրջանում «Բայերի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալը», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը», որոնք պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 100 միլիոն եվրո:

Facebook Comments