Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մատեյս Դե Լիխտը չի զղջում, որ «Այաքսից» տեղափոխվեց «Յուվենտուս»: Հոլանդացին խոսել է իր թիմակիցների անհատական բարձր մակարդակի մասին, որոնց թվում առանձնացրել է Պաուլո Դիբալային և Ռոդրիգո Բենտանկուրան:

«Ես շատ երջանիկ եմ «Յուվենտուսում» և ուրախ եմ ամեն օր մարզվել այսպիսի հզոր ֆուտբոլիստների հետ։ Ես ցանկություն ունեմ կատարելագործվել ամեն օր, այնպես որ, այո, ես երջանիկ եմ այստեղ:

Թիմակիցներից ու՞մ մակարդակը զարմացրեց ամենից շատ։ Ակնհայտ է, որ կա Ռոնալդուն, բայց ես չեմ ասի նրան, քանի որ բոլորը գիտեն, թե ով է Կրիշտիանուն և ինչի է ընդունակ:

Անձամբ ինձ տպավորել են երկու ֆուտբոլիստներ, որոնցից մեկը՝ Պաուլո Դիբալան է։ Նա, իրոք, հիանալի տեխնիկա ունի։ Կարող է տարօրինակ թվալ, բայց երկրորդը Ռոդրիգո Բենտանկուրն է։ Ես կասեի, որ նրան թերագնահատում են։ Նա մեծ ապագա ունի», – հայտարարել է Դե Լիխտը «Tuttosport»-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Մատեյս Դե Լիխտը «Յուվենտուսում» անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում նա խփել է երկու գոլ և վաստակել է չորս դեղին քարտ:

Facebook Comments